Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հուլիոս Կեսարից մինչև Նեմեց Ռուբո

Հուլիոս Կեսարից  մինչև Նեմեց Ռուբո
14.06.2013 | 12:08

«ԴԱՐԱԿԱԶՄԻԿ» ՑՆՑՈՒՄ
Որքան էլ գալու եմ հեռվից, այդուհանդերձ, ի սկզբանե սահմանանշեմ, որ խոշոր հաշվով Հռոմեական կայսրության արձանագրած հաջողություններին և ունեցած ձախողումներին անդրադառնալու բնավ ցանկություն չունեմ շատ հասկանալի երկու պատճառով։
ա. Դրանով հիմնավորապես զբաղվելը պատմության կերտիչների ու քերթիչների գործն է, իսկ մենք մեր կյանքի այս վերջին ժանակաշրջանը խիստ հասկանալի պատճառներով ընդամենը մարզական լրագրությանը տված անձ ենք` ոլորտի մասին մեր ավելի քան համեստագույն պատկերացումներով,
բ. Հռոմեական կայսրության հետ այս մի բուռ Հայաստանի նույնականությունն ընդամենը երկու տերությունների (վերջինիս առնչությամբ մի քիչ վերամբարձ ստացվածը խնդրում եմ ներել) անվանումների սկզբնատառերի մեջ է, ինչը նույնպես բավարար հիմք չէ ասելիքի մեջ խորացումների ու սրացումների գնալու համար:
Եվ այդուհանդերձ, անկախ վերոհիշյալ հիմնավորումներից, դեռևս անտիկ ժամանակներից հասարակությանը, դուք ասեք` կերակրելու, ես ասեմ` կուտ տալու բանաձևային արժեք ստացած հասկացություններից մեկին` զվարճանքին, չեմ կարող չանդրադառնալ:
Չորս օրվա տարբերությամբ հայ ոչ թե սոսկ ֆուտբոլասեր, այլ շատ ավելի լայն հասարակությունն ապրեց երկու խոշոր, «դարակազմիկ» ցնցում: Խոսքը Մալթայի հավաքականից Հայաստանի ընտրանու կրած պարտության ու դրա բերած ապատիկ վիճակի և ապա դանիացիների նկատմամբ տոնած հաղթանակի մասին է, որը ոչ պակաս էյֆորիկ ապրումների ու զգացողությունների տեղիք տվեց:

Ի ՍԿԶԲԱՆԵ ՏԻԳՐԱՆ Ա ԱՇԽԱՐՀԱԿԱԼՆ ԷՐ
Քանի որ ես մի քիչ հին մարդ եմ ու հանգամանքների հասկանալի բերումով դպրոցական դասագրքերից նկատելիորեն հեռու կանգնած անձնավորություն, բնականաբար, այնքան էլ հստակ պատկերացում չունեմ, թե արդի սերունդը որքան է տեղեկացված Մալթայից, նրա աշխարհագրական դիրքից, կլիմայից, ազգային սովորույթներից, ապրանքների շուկայական գներից, մնացած մանր-մունր հարակից բաներից: Հա, քիչ էր մնացել մոռանայի, տեղի բնակչության զբաղմունքից ու օֆշորային գոտիներում նրանց պաշտոնատար անձանց թաքուն ու բացահայտ ներդրումներից:
Ճիշտ է, մեր ժամանակների դասագրքերում էլ այդ մասին ոչինչ չէր ասվում, բայց երբ տարրական կրթության ու ընդհանուր զարգացածության պարտադրանքի բերումով կարդացի Սուրեն Այվազյանի «Այր հայրենյաց» պատմավեպը, շատ բան իմացա այդ երկրի մասին, իսկ Հայաստան-Մալթա խաղից հետո հասկացա, որ մեր Տիգրան Ա աշխարհակալը հաճելիի կողքին նաև ոչ պակաս անհաճո հուշեր է թողել այնտեղ, ու էս մալթացիները, որոնք առաջին հայացքից այնքան էլ քինախնդիր մարդու տպավորություն չեն թողնում, պարզվում է, հատկապես ոչ հաճելիները չէին մոռացել ու վրեժխնդիր եղան մեր Աշխարհակալի անարժան ժառանգներիցս` ձեռքի հետ մեր հաշվին նոր պատմություն կերտելով:
Ինչ պատմությո՞ւն:
Դե էն, էլի, որ դրսում հաղթանակ էին տարել մեկ էլ սրանից քսան տարի առաջ:
Պարզ բան է` վերքը տիրոջն է ցավ տալիս: Սակայն սույնն այնքան ցավեցրեց գազի, էլեկտրաէներգիայի գների թանկացումից, ինչպես ապրելու դիլեմայից վերջնականապես խենթացած հասարակ մահկանացուներիս, որ ոչ միայն մեր ու մանուկ մոռացանք, այլև հայոց Ավան աշխարհի աշխարհակալ Նեմեց Ռուբո, ով համատեղությամբ ֆուտբոլի ֆեդերացիա է գրկել ու նստել` հայկական ֆուտբոլը ոտքի հանելու, երևի թե, ազնիվ նպատակադրմամբ, սակայն առայժմ պտուղ չտվող ջանքերով:
Չէ, էստեղ ոնց որ թե հույսի լույսի տեղ հեչ չթողեցինք` ասելով «պտուղ չտվող ջանքերով»: Բոլոր դեպքերում եկեք փոքր-ինչ մեղմենք ասածի տոնայնությունը` բավարարվելով «առայժմ պտուղ չտվող ջանքերով» արտահայտությամբ:
Մալթան իսկապես եղավ մեր համբերության բաժակի վերջին կաթիլը: ՈՒ սա ոչ միայն նրա համար, որ 2014 թ. աշխարհի առաջնության հետ գործնականում հաշիվներս փակեցինք. հիշենք Վարդան Մինասյանին, ով հավաքականի նախավերջին պարտությունից առաջ հետխաղյա մամլո ասուլիսում անկեղծորեն բարկացել էր լրագրողի վրա` դժգոհելով, թե` ես ձեզ ասե՞լ եմ, որ ֆինալ ենք դուրս գալու:
Հիմա, ճիշտն ասած, ես էլ իմ հերթին չգիտեմ` հավաքականի տղաներն էլ իրենց հերթի՞ն էին բարկացել գլխավոր մարզչի ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի վրա մի ողջ սերնդի ճակատագրի վրա խաչ քաշելու համար ու այդ պատճառով պարտվեցին Մալթային, թե՞ ոչ, բայց որ այդ պարտությունը հեչ բանի նման չէր, խոստովանեց և ինքը` Ռուբենը Հայրապետյանը, ում սիրտը, հեռուստատեսությամբ արված հրապարակային խոստովանությամբ, չի հովացել Դանիային հաղթելուց հետո անգամ, ու կարծում է, որ Մալթայից կրած պարտության անարգանքը կարող է չեզոքացնել միայն Իտալիայի ընտրանուն հաղթելու պարագան:
Մի առիթով, որն այս պատմության հետ բնավ աղերս չունի, Պուշկինը` ռուսական պոեզիայի հայտնի Ալեքսանդր Սերգեևիչը, իր մասին այսպիսի արտահայտություն է արել. «Ай да Пушкин! ай да сукин сын!», որտեղ «րցՍՌվ րօվ»-ը, հասկանում եք, լավի գերադրական առումով է գործածված: Հիմա ես չգիտեմ, թե սրտի հովացման գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու դեպքում բուռն ոգևորության մեջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ինչ բառերով կորակի իրեն, բայց որ նրան ու մեզ այդ հաջողությունը սրտանց ցանկանում եմ, կասկած չունենաք: Հավատացեք` այդ հաջողությունը տեսնելու համար նույնիսկ չոքեչոք կարելի է հասնել Իտալիա (էս կառավարությունը տեսնես ի՞նչ է մտածում Շենգենի մասին): Սակայն եկեք ծնկների մաշման գործընթացը թողնենք ապագային ու ասենք` տղերք, ճիշտ է, դուք այլանդակ եք («այլանդակն» ընթերցել պուշկինյան տարբերակով), բայց մենք ձեզ իսկապես սիրում ենք:

«ԽԵ՜ՂՃ ՅՈՐԻԿ…»
Գրագիտություն ունեցողները` հաստատ, չունեցողներն էլ հավանաբար գիտեն կամ լսած կլինեն, որ Դանեմարքի իշխան Համլետն իրականում պատմական անձնավորություն է: Եթե գիտեն, այդ դեպքում սույն խնդրում իրականում վիճելի է մնում միայն մի հարց` Շեքսպիրի ձեռամբ իշխանի բերանը դրած «Լինե՞լ, թե՞ չլինել» արտահայտությունը պատմական հավաստի իրողությո՞ւն է, թե՞ ընդամենը գրողի վառ երևակայության արդյունք` ողբերգությանն ավելի ողբերգականություն հաղորդելու հեղինակային նպատակադրմամբ: Սա խնդիր է, որի ստույգ պատասխանը, հասկանալի պատճառներով, ցավոք, չենք կարող իմանալ, հետևաբար շրջահայացորեն եկեք այն շրջանցենք, դառնանք ավելի ռեալ բաների:
Հարց` իսկ ի՞նչ կասեր իշխան Համլետը Դանիա-Հայաստան հանդիպումից հետո, եթե ինչ-որ հրաշքով հայտնվեր մեր ժամանակներում:
Հարցին միանշանակ պատասխան դժվար թե գտնվի, որքան էլ էյֆորիայի մեջ հիմա ձեզանից ամեն մեկը կհամառապնդի «չլինելու» տարբերակի վկա` մոռանալով, որ ուրիշի փոխարեն պատասխանել ջանալն այնքան էլ խոհեմ չէ: Ահա թե ինչու այստեղ ես չեմ ուզում հիշել և Յորիկին, թեպետ, գիտեք, ծաղրածուների բերանով միշտ էլ բարբառվել է ճշմարտությունը:
Թողնենք, իսկապես հանգիստ թողնենք որքան էլ շեքսպիրյան, նույնքան էլ հավասարապես պատմական պերսոնաժներին, քանզի այսպես կարող ենք հասնել մինչև Ռոզենկրանց ու մասնավորապես ազնվայր Հորացիո` մոռանալով մեր նույնքան պատմական, սակայն ավելի քան ժամանակակից դեմքերին:
Մերոնք արդեն 3:0 հաշվով հաղթում էին, երբ հանկարծ նկատեցի, որ բուռն ոգևորության մեջ խաղի մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն արդեն անցել է բանաստեղծական լեզվի ու ականջիս դաշնակցության փառաբանումով ավարտվող երգից «Աջից` Իշխանը, ձախից` Վարդանը» տողերի հանգույն հիշատակումներ հնչեցին: Դե պարզ է, որ դաշնակցությունը բնավ կապ չունի այս խաղի հետ, և տվյալ պարագայում նա չէ կարևորը, այլ մեկնաբանին համակած, միանգամայն բնականի մեջ դիտարկելի հուզականությունը: Ի դեպ, երկրորդ խաղակեսի ինչ-որ իքս րոպեից Էդիկն անկեղծացավ, որ հուզմունքից ռեպորտաժը ոտքի վրա կանգնած է վարում, չի կարողանում նստել: Ճիշտն ասած, ընթացքում ես այդպես էլ չիմացա` վերջն այդ տղան նստե՞ց, թե՞ մինչև վերջ «пешком постоял» (եթե մեկնումեկդ ստույգ ինչ-որ բան գիտի, խնդրում եմ զանգեք, տեղեկացրեք):
Լավ, այս մասնավոր դեպքն էլ միջանկյալենք ու անցնենք առաջ` դառնալով բուն խաղին:
Յուրա Մովսիսյանի խփած առաջին գոլը դառը ժպիտ առաջացրեց. Մալթան նորից հայտնվեց աչքերիս առաջ, ինչպես անողջախոհ Սարոն արյունն աչքը կոխած Մոսիի:
Արաս Օզբիլիսի գոլը վայելեցի զուտ էսթետի տեսանկյունից, սակայն դիտարկեցի ոչ երբեք քար սրտի փափկացման նախապայման (վա՜յ, տղե՛րք, տղե՛րք): Հընթացս միջանկյալ հիշեցի դանիացիների խաղը վրացիների հետ ու սպասում էի, որ խաղակեսի ավարտին մեր հարևանների հանգույն գոլ կուտենք:
Ապրի Բերեզովսկին:
Չթողեց:
Որ Բերեզովսկին չթողեց, ընդմիջմանն անցա ընկերներիս հետ կարծիքների ակտիվ փոխանակման` վստահեցնելով, որ էսպես չի մնա, սակայն չմասնավորեցնելով, թե ասածիս խորքի մեջ կոնկրետ ինչ նկատի ունեմ, մանավանդ որ ինքս էլ չգիտեի, թե ինչ նկատի ունեմ:
Երբ իր երկրորդ, իրականում թիմի երրորդ գոլը խփեց Յուրա Մովսիսյանը, քթիս տակ գոհ մռմռացի` «թասիբիդ մեռնեմ» (գյումրեցու ինքնագոհությունը խոսեց մեջս) ու կպա Վարդան Մինասյանի ջանին` ամսի յոթին տղուն ինչո՞ւ չխաղացրիր, ա՛յ փիլիսոփա:
3:0-ից հետո սիրտս «արյուն» ուզեց, սակայն միայն ու միայն Հենրիկ Մխիթարյանի կատարմամբ:
Մխիթարյանս մխիթարեց` ուզածս անելով:
4:0-ից հետո սիրտս էլ ոչինչ չքաշեց, որովհետև 5:0-ն թիթիզություն կլիներ, 4:1-ը` շանտղություն:
Երկուսն էլ չեղավ:
Գոհ էի:
Բայց գիտե՞ք ինչ կարգի գոհ:
Էն տեսակի, որ Մալթան մտքովս էլ չանցավ:
Համ էլ ես ի՞նչ մեղք եմ գործել, որ Մալթան մտքովս անցնի:
Մալթան թող Վարդան Մինասյանի ու Ռուբեն Հայրապետյանի մտքով անցնի, որ էլ էդ տեսակ քացախ բաներ չանեն ազգի գլխին:

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ «ՄԱՏԸ»
Վերջում մի երկու բան էլ ասեմ ու` պըրծ: Թիմում տղերք կային, որ իսկապես «վիզ դրած» խաղացին ու արժանի էին, որ գոլի հեղինակ դառնան: Սակայն, նախախնամության կամքով, պետք էր, որ հատկապես հենց Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսն ու Հենրիկ Մխիթարյանը գոլերը խփեին, ու էդ հարցում կռիվը հատկապես իրենցն էր:
Ինչո՞ւ:
Ես գիտեմ` ինչու, սակայն ուզում եմ, որ դուք ինքներդ գտնեք հարցի պատասխանը: Եվ մի եղեք ականջալուր ոմանց հոխորտանքին, թե… Էս ազիզ օրով եկեք մանր բաներից չխոսենք: Մեկ է` այդ հոխորտացողները, այսպես թե այնպես, իրենք իրենց «վառելու» են:
Իհարկե, եթե արդեն իսկ չեն «վառվել»:
Իմ բարի խորհուրդը ձեզ` մարդիկ ավելի քան հստակ են երևում իրենց ասելիքում ու պահվածքում: Այնպես որ, ողջ լերուք: Մինչ նոր հանդիպում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ